«Սա հայկական ուտեստ է, Ալիևը սխալվում էր»․ ՀՀ–ում կկայանա տոլմայի հոբելյանական փառատոնը

25 տաղավարների ներկայացուցիչները կմրցեն, թե ով կարող է պատրաստել ամենահամեղ և յուրահատուկ տոլման։

   Մայիսի 22-ին Հայաստանում կանցկացվի տոլմայի տասներորդ փառատոնը, որն արդեն ավանդական է դարձել։ Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փառատոնի ընթացքում կներկայացվեն ազգային կերակրատեսակի պատրաստման զանազան յուրահատուկ և հնագույն բաղադրատոմսերը։

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2011թ․-ին։ Հայկական խոհարարական համայնքն այդպես պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իբր տոլման ադրբեջանական կերակրատեսակ է։ Ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ամենամյա ժողովում` նա հայտարարել էր, որ եթե «հային հարցնես, թե հայերեն ինչ է նշանակում «դոլմա», նա չի կարողանա պատասխանել այդ հարցին»։ Սակայն հայերը ոչ միայն պատասխանեցին, բացատրեցին, այլև ապացուցեցին, որ Ալիևը սխալվում էր։

«Այդ տարի մենք փառատոն անցկացրինք, որի ընթացքում մեր ազգային կերակրատեսակի պատրաստման զանազան բաղադրատոմսեր ներկայացրինք։ Այս տարի փառատոնն անցկացնում ենք հոբելյանական տասներորդ անգամ։ Այս անգամ նույնպես կցուցադրվեն տոլմայի զանազան խոհարարական տարատեսակներ»,-ասաց Մամուլյանը։

Փառատոնը կսկսվի մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, «Զվարթնոց» տաճարի հատվածում։ Կգործեն 20-25 տաղավարներ, որտեղ ընդգրկված են տարբեր ռեստորաններ, ուսումնական կենտրոններ, անհատներ, խմբեր՝ Հայաստանի տարբեր շրջաններից, Երևանից և Արցախից։

«Նրանք պատրաստելու են տարատեսակ տոլմաներ։ Մրցույթ է կազմակերպվելու երեք անվանակարգում՝ լավագույն համ, տեսք և մտահղացում։ Կա նաև գլխավոր մրցանակ, որը տրվելու է ամենաբարձր միավորներ ստացած թիմին»,- նշեց Մամուլյանը։

Նա ավելացրեց, որ կազմակերպիչները կասկածում էին՝ արժե՞ արդյոք անցկացնել փառատոնը ներկայիս իրողությունների պայմաններում, սակայն այդ հարցը քննարկելուց հետո եկան այն եզրակացության, որ դա անհրաժեշտ է։

Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին նշեց, որ նման փառատոները կարևոր են զբոսաշրջության ոլորտի կայացման համար, հատկապես այսօր:

Տոլմայի պատրաստում

«Ամենաշատը զբոսաշրջության ոլորտն է տուժել համավարակից ու պատերազմից։ Մեր առջև խնդիր է դրված չեզոքացնել պատերազմի և կորոնավիրուսային վարակի հետևանքները, ինչպես նաև վերականգնել ոլորտը»,-ասաց Ապրեսյանը ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Ուրալից մի խումբ տուրօպերատորներ և լրագրողներ են ժամանելու Հայաստան, որոնք ներկա են լինելու նաև փառատոնին: Բացի այդ, Ռուսաստանից ժամանած զբոսաշրջային խմբեր նույնպես պատրաստվում են ներկա լինել փառատոնին. այդ հարցով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Ապրեսյանը նշեց, որ չնայած վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին, Հայաստանը 2021 թ․- առաջին եռամսյակի արդյունքներով զբոսաշրջային այցելությունների բավականին լավ ցուցանիշ է արձանագրել։

Աշխարհում գոյություն ունի տոլմայի ավելի քան 80 տեսակ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններում պատրաստել են ավելի քան հազար տարի առաջ։ Հայկական աղբյուրներում տոլմայի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մեր թվարկության V դարով։