Փաշինյանի մեդիատեռորը․ Իշխանականներին քսի են տվել Վահե Հակոբյանի դեմ

Հայաստանի տխրահռչակ իշխանությունները նոր բառ են սովորել՝ «մեդիատեռոր» ու աջ ու ձախ մեղադրում են իրենց բոլոր ընդդիմախոսներին, ովքեր հանդգնում են չհավատալ պաշտոնական ապատեղեկատվություններին։

Շուջր վեց օր ադրբեջանական զինված հրոսակները ներխուժել են Հայաստանի տարածք և հրաժարվում են դուրս գալ, իսկ իշխանությունները հոդաբաշխ բացատրություններ չեն տալիս ո՛չ բանակցությունների, ո՛չ հնարավոր հետևանքների մասին։ 44-օրա պատերազմում իշխանության ստերից մինչև կոկորդը կշտացած հանրությունը տեղեկատվություն ստանալու այլ աղբյուրներ է որոնում, հատկապես, երբ այդ աղբյուրներն ավելի հավաստի են, քան պետական գերատեսչությունները։ Իսկ իշխանությունն ու իր սազանդարները Սյունիքի հարցում իրենց անզորությունը թաքցնելու համար հիստերիկ պահվածքով հարձակվում են բոլորի, առաջին հերթին՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վրա։

Վահե Հակոբյանի հայտարարություններն ու իշխանությունների հիստերիկ պահվածքը ցույց են տալիս, որ Վահե Հակոբյանն ինչ ասել է, ճիշտ է եղել։ Հանրությունը վերջին օրերին ինքն է հավաստիացել այդ փաստի մեջ։ Ընդհուպ, Փաշինյանի մակարդակով իրականացվող մեդիատեռորը վկայում է իշխանության անզորությունը։

Երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը ընդդիմախոսներին մեղադրում էր ադրբեջանական գործակալ լինելու մեջ։ Նույն այն Փաշինյանը, ով հայտարարում էր, թե, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց», ով իր իսկ մեղքով տանուլ տված պատերազմից հետո՝ դարձել է Ադրբեջանի խամաճիկը։ Փաստ է, որ Փաշինյանի վարչակազմը ոչ միայն չի կարողանում աշխատել, այլ, երբ իրենց երեսին ճշմարտությունն են ասում, նաև չեն կարողանում այդ ճշմարտության երեսին նայել։ Վահե Հակոբյանի դեմ տեղեկատվական պատերազմը դրա ակնբախ վկայությունն է։
Արամ Աճեմյան