Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվում է․ պաղեստինյան կողմում զոհերի թիվն անցել է 220-ը, այդ թվում՝ 63 երեխա

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվում է։ Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորում են Գազայի շրջանի բնակելի շենքերը, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ վերջին գրոհներն իրականացվում են այն բանից հետո, երբ Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում ընթացող գործադուլի ժամանակ իսրայելական կողմը Գազայում 4 պաղեստինցի էր սպանել։

Գործադուլն իրականացվում էր ի նշան Գազայում տեղի ունեցող ռմբակոծության։ Գազայում սպանված 4 պաղեստինցիներից Յուսեֆ Աբու Հուսսեյնն «Ալ Աքսա» ռադիոկայանի թղթակից էր։

Հայտնի է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել Գազայում կառույցի հումանիտար գործողությունների համարժեք ֆինանսավորում:

«Մենք տեսնում ենք հսկայական մարդկային տառապանքներ և մեծ վնասներ Գազայի բնակավայրերում և կենսական ենթակառուցվածքներում», — իր թվիթերյան օգտահաշվում գրել է գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի ղեկավար Մարկ Լոուքոքը Իսրայելին կոչ էր արել «անարգել մարդասիրական հասանելիություն» ապահովել դեպի Գազա:

«Գազայի հետ անցումները պետք է բացվեն՝ անհրաժեշտ և հումանիտար պարագաների, այդ թվում ՝ հիմնական ծառայությունների և վառելիքի մատակարարման համար՝ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով», — նշել է Լոուքոքը:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվն անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է, ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը համատեղ ջանքերով փորձում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման համաձայնություն ձեռք բերել։ Չինաստանն իր հերթին նշել է, որ աջակցում է կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկին։ Եգիպտոսն առաջարկել է մայիսի 20-ին դադարեցնել կրակը, ինչի հետ համաձայնվել են Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն։