Սիսիանում զանգվածային վարակման դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ

2021թ. մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային հսկողություն: Արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, որի հետևանքով նշված անձանց վիճակը գնահատվել է միջին և թեթև ծանրության:

Դեպքի առթիվ 2021թ. մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, որը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել է ջրի նմուշ և նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` մայիսի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով ևս 199 բնակիչ: Հետագայում վարակվածների թիվը հասավ 370-ի։

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ: