ՄԱԿ-ում 2021 թվականին համաշխարհային առևտրի աճ են կանխատեսում 16 %-ով

Համաշխարհային առևտրի աճը 2021 թվականին ակնկալվում է՝ կկազմի 16 տոկոս` նախորդ տարվա համեմատ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` նման կանխատեսում է արվում ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի` չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

«2021 թվականի երկրորդ կեսին առևտրի նշանակալի աճ է ակնկալվում. կանխատեսումների համաձայն` այն կկազմի մոտ 16 տոկոս` 2020 թվականին գրանցված ամենացածր ցուցանիշի համեմատ»,- նշվում է զեկույցում:

Բացի այդ, փորձագետներն արձանագրում են 19 տոկոսի աճ ապրանքների և 8 տոկոսի աճ ծառայությունների վաճառքի առումով: Նշվում է, որ «չնայած «Քովիդ-19»-ով պայմանավորված տնտեսական ցնցումներին` համաշխարհային տնտեսությունը, ընդհանուր առմամբ, լավ է դիմացել 2020 թվականին»: Այդ ցուցանիշն ապահովվել է մեծամասամբ «Արևելյան Ասիայի տնտեսությունների կայունության շնորհիվ», ինչը ձեռք է բերվել համավարակի դեմ հաջող պայքարի արդյունքում:

2021 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առևտրի աճը տարեկան կտրվածքով կազմել է մոտ 10 տոկոս: Բացի այդ, 3 տոկոսով գերազանցվել են 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալները:

Այս տարվա առաջին եռամսյակում համաշխարհային առևտրի աճը պայմանավորված է Արևելյան Ասիայի երկրներում արտահանումների ծավալի զգալի ավելացմամբ. Չինաստանը, Հնդկաստանը և ՀԱՀ-ն ավելի բարձր արդյունքներ են գրանցել, քան այլ խոշոր տնտեսությունները:

2021 թվականի երկրորդ եռամսյակում, ըստ կանխատեսումների, համաշխարհային առևտուրը գնային առումով կհասնի 6,6 տրիլիոն դոլարի` աճելով 31 տոկոսով: