«Դասավանդիր Հայաստան»-ն ու Ucom-ը միավորում են ջանքերը՝ հանուն հանրակրթական հնարավորությունների ընդլայնման

Ucom ընկերությունը «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ դպրոցներ» ծրագրում ներառված Դիլիջանի Թախտա թաղամասում գտնվող թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ՝ կրթական գործընթացն ապահովելու նպատակով:

«Մենք համոզված ենք, որ մեր համայնքների ներուժն անսահման է, և դպրոցը այդ ներուժի բացահայտման հանգույցն է՝ հատկապես մեր օրերում, երբ ընտանիքներից շատերում հետպատերազմական ողբերգություններ են, իսկ դրսում՝ համավարակի վտանգը։ Այս համատեքստում խիստ կարևոր է ինչպես առկա, այնպես էլ առցանց գործիքակազմի ներդնումը, որպեսզի մեր երեխաներն ունենան կրթության հավասար հնարավորություններ։ Այս գործը մենք միայնակ հաջողել չէինք կարողանա։ Այդ իսկ պատճառով, մեզ համար ուրախալի է, որ մեր գործընկեր Ucom ընկերության թիմը մեզ հետ արդեն տարիներ կիսում է նույն տեսլականը՝ իր  ներդրումն ունենալով մեր երեխաների կրթության մեջ, ինչը առանց որևէ վերապահման, ուղղակի ներդրում է մեր երկրի ապագայում։ Այս առումով իմ խորին երախտիքն եմ հայտնում Ucom-ի ղեկավարներին՝ բազմամյա կարևոր համագործակցության համար»,- նշել է «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը։

«Ucom-ում մենք կարևորում ենք տեխնոլոգիաների միջոցով կրթության հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերի համար: «Դասավանդի’ր, Հայաստան»-ի առաջարկին մեծ պատրաստակամությամբ ենք արձագանքել, քանի որ վստահելի և երկարամյա գործընկեր կազմակերպություն է։ Ուրախ եմ, որ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այս ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն են ստացել օգտվելու համացանցում առկա բազմահազար կրթական հարթակներից ու նյութերից, այն էլ՝ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի միջոցով», — նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Սերունդ դպրոցներ»-ը նորարարական ուսումնառության պիլոտային ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կիզազի» դպրոցների համաշխարհային ցանցի հետ համագործակցությամբ։  Այն կրթական նոր մշակույթ կերտող դպրոց է՝ կրթությունը դիտարկելով որպես աշակերտների կոգնիտիվ, անձնային և սոցիալական կարողությունների զարգացման հնարավորություն։ Ավելին՝ այսօր այս հանրակրթական դպրոցի աշակերտների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 80-ի, չնայած աշխարհագրական առումով խնդրահարույց հասանելիության հանգամանքին։