Գործակալների իշխանությունը մեղադրում է ընդդիմությանն ու վնասում երկրի շահերը

Նիկոլ Փաշինյանի վարչակազմն Ադրբեջանի դեմ պայքարելու փոխարեն, պայքարում է իր ընդդիմախոսների դեմ։

Սյունիքում ստեղծված իրավիճակը մեկ շաբաթից ավելի չի հանգուցալուծվում իսկ իշխանական քարոզիչները տանուլ են տալիս թե արտաքին ճակատում, և թե երկրի ներսում։ Պատճառը մեկն է՝ ժողովրդին երկար խաբել հնարավոր չէ, սակայն այս պարզ ճշմարտությունը հասու չէ Փաշինյանին և նրա սազանդարներին։
Այս ողջ ընթացքում իշխանությունն իսկական արշավ է սկսել Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դեմ, ով ի տարբերություն նրանց, հանրությունից չի թաքցնում, թե ինչ է կատարվում ժողովրդի թիկունքում։
Որքան էլ իշխանությունը հերքի Հակոբյանի հայտարարությունները, կեղծիք ու սուտ տարածի, հաշվված ժամեր անց խայտառակ է լինում՝ բռնվելով ստի մեջ։
Պետական ողջ ռեսուրսը՝ պաշտոնյաներով, պատգամավորներով, անգամ վարչապետ Փաշինյանով մեդիաարշավ են իրականացնում իրենց ընդդիմախոսի նկատմամբ։
և ի՞նչ։ Վերջում պարզվում է, որ երկրում այնպիսի անտերություն է, որ ադրբեջանցիները գալիս են մեր դիրքեր, ծեծում, նվաստացնում հայ զինվորին։
Նիկոլ Փաշինյանն էլ օրերս Անվտանգության խորհրդի նիստում ընդդիմախոսներին մեղադրեց Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ լինելու մեջ։ Մինչդեռ ընդդիմադիր գործիքն ընդամենն արձանագրում է, որ իշխանությունը գործակալներ պետք է որոնի իր շարքերում, իսկ ապիկարների խմբակն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։
Եվ մինչև իշխանությունը մի կողմից վիրավորում է սյունեցիների շահերը պաշտպանող կուսակցությանը, մյուս կողմից տեղեկություններ են ստացվում, թե Փաշինյանը պատրաստվում է ևս մեկ՝ ավելի վատ պայմաններով հայտարարություն ստորագրել Ադրբեջանի հետ։
Նարեկ Սիմոնյան