Չեմ մասնակցելու ընտրություններին. Արտակ Թովմասյանը մատնանշել է իր դիրքորոշման պատճառները (տեսանյութ)

Պատերազմի բոհով անցած և չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Այս մասին իր տեսաուղերձում ասում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը: 
Նա իր ուղերձում, մասնավորապես, հայտնում է, թե ինչով է պայմանավորված իր դիրքորոշումը. «Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը վտանգավոր է։ Այն իր մեջ պարունակում է ռիսկեր` արտաքին վտանգներից ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։ Ես այդ մասին քանիցս հայտարարել եմ իմ նախորդ ելույթներում և կոնկրետ շեշտադրումներով հայտնել եմ, թե այս ընտրությունները ինչ վտանգների առաջ են կանգնեցնելու մեր պետությունն ու պետականությունը։ Ինձ համար աթոռն ու պաշտոնը երբեք նշանակություն չունեն և չեն էլ ունեցել, ես դրանց ձգտելու ոչ մի շարժառիթ չունեմ»,- նշում է Թովմասյանը։
Նա կոչ է անում վեր կանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը և տարբերել առաջնայինը երկրորդայինից. «Ես դա հասկանում եմ և չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ «խրախճանքին»։
Եկե՛ք համախմբվենք, եկե՛ք պայքարենք մեր պետականությունը պահելու, զարգանալու համար և պարզապես անշահախնդիր սիրենք մեր հայրենիքը», — նշում է Արտակ Թովմասյանը:
Ավելի վաղ Արտակ Թովմասյանը հայտարարել էր, որ մայիսի 24-ին, ժամը 18։30-ին, «Դվին»-ում հրավիրում է հանդիպում-քննարկման և համազգային աղոթքի։