Adana Project-ը ներկայացրեց «Վերադարձ» ալբոմը 2020 թվականի` ստեղծագործական ցավալի «կանգառից» հետո

Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգերը, մայիսի 23-ին իր երկրպագուների դատին հանձնեց առաջին`«Վերադարձ» ալբոմը։ Ձայնասկավառակում տեղ են գտել «Արաքս», «Գինի լից», «Թարմ ծաղիկներ», «Գարահիսար», «Զարթիր լաո», «Ճշմարտություն չկա ուրիշ», «Իմը չես, գիտեմ», «Իմ Էլինար» ստեղծագործությունները:
Սկավառակի շնորհանդեսը պետք է կայանար դեռ 2020 թվականի մարտին, սակայն կորոնավիորուսի պատճառով այն անցակցվեց օնլայն հարթակում։
Վերջապես, դժվար տարուց հետո խումբը գեղեցիկ համերգով երկրպագուների դատին հանձնեց նոր ալբոմը։
Սկավառակի համար ընտրվել է «Վերադարձ» անվանումը, քանի որ հին և հայտնի երգերը վերադառնում են նոր շնչով։

«2020 թվականը, ինչ խոսք, ինչպես բոլորի, այնպես էլ մեզ համար դժվար տարի էր. սկզբում քովիդն էր, հետո էլ չարաբաստիկ պատերազմը։ Կարանտինի պատճառով հետաձգվեց համերգները, նաև մեր առաջին ալբոմի շնորհանդեսը, որը վերջապես տեղի ունեցավ 2021 թվականին։ Կարանտինի միակ դրական կողմն այն էր, որ շատ ժամանակ եղավ ծրագրերի մասին մտածելու, նոր հեղինակային երգեր գրելու, վերլուծեցիք մեր անելիքները, արդեն սկսել ենք 2-րդ ալբոմի աշխատանքները, կունենանք նոր տեսահոլովակներ առաջին, ինչպես նաև երկրորդ ալբոմներից։ Պատրաատվում ենք տարբեր համերգների։ Հույս ունենք ոչինչ չի խանգարի իրականացնել մեր ծրագրերը»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում են Adana Project-ի հիմնադիրներ Արին և Արիս Քարամյանները։

Խմբի մեներգչուհի Մանե Տոնոյանը պատմում է, որ ջնջել է իր ուղեղից 2020 թվականը՝ հաշվելով, որ այդ տարին չի եղել․«Վերջին ամենամեծ հարվածը պատերազմն էր, որը երբեք չի մոռացվի ու բաց վերքի պես կմնա իմ ներսում։
Հասկացա, որ պետք է ապրել օրով, ու անիմաստ նեգատիվին չթողնել, որ քեզ մոտենա ու ազդի ներաշխարհիդ վրա, քանի որ 2020-ն ապացուցեց, որ կյանքը լի է անակնկալներով ու այս անգամ՝ վատ։
Կան ավելի լուրջ դեպրեսայի պատճառներ, քան մենք ենք ստաղծում մեզ համար։  Ուղղակի շնորհակալ լինենք Աստծուն ամեն պահի համար։

Կաշխատեմ այնպես անել, որ հասնեմ իմ նպատակներին իմ ասպարեզում, ուղղակի էլ չեմ պլանավորում ոչ մի բան, կփորձեմ ապրել օրով ու ամեն օրս այնպես անցկացնել, որ քայլ առ քայլ մոտենամ նպատակիս»։ 

Մանեն, պատմելով սկավառակի ձայնագրման ընթացքում տեղի ունեցած հիշարժան դեպքերի մասին, հիշում է, թե ինչպես «հիասթափեցրեց» Արինին․««Արաքսը» ձայնագրվելու ժամանակ Արինը միայն բերել էր դրամզի պարտյան ու ինձ համոզում էր, որ միայն դրամզի տակ, առանց ուրիշ երաժշտական գործիքների երգեմ , դե բնականաբար, ես հրաժարվեցի։ Սերգեյն էլ ասեց, որ չի լինի, անհնար է այդպես երգել, ու Արինը հիասթափվեց»։

Խմբի բասկիթառահար Գեղամ Ղազարյանը նշում է, որ 2020 թվականն իր համար սիրուն թիվ էր, որի հետ մեծ հույսեր էր կապում, սակայն ապարդյուն։
«Կարանտինին չսպասված օրեր էին բոլորիս համար՝ անորոշության, արգելափակման։
Տանը ծրագրեր ունեցա․ Ֆեյսբուքում և Յութուբում հայ երգը սփռեցի համայն մարդկությանը, և այն մեծ ընդունելություն գտավ։Իսկ ապագայի ծրագրերս կախված են երկրիս քաղաքական վիճակից։ Մնացածը Աստուծո կամքից է կախված»,-ասում է Գեղամը։

Խմբի կիթառահար Պատրիկ Ավետիսյանը նշում է, որ 2020-ին զբաղվել է իր սեփական՝ «The Elements» ալբոմի ձայնագրությունով ։

Խմբի մյուս կիթառահարը՝ Ռոման Մնացականյանը, նկատում  է, որ ինչպես շատերը, իրենք էլ ունեցան ցավալի կանգառներ, բայց միաժամանակ այդ ծանր պահերին հոգեբանական ապրումների հետևանքով նոր երգեր ստեղծվեցին:

Նշենք, որ Adana Project ռոք խմբի գլխավոր առանձնահատկությունը երաժշտական սիմֆոնիկ power metal ժանրն է։ Պահելով երգի մեղեդին և փոխելով միայն գործիքավորումը և հարմոնիան՝ երգերին հաջողվում է այն շունչը տալ, որը կա միջազգային մեթալ աշխարհում։