«Իմքայլականները» պատրաստվում են ճողոպրել՝ մենակ թողնելով իրենց կողմնակիցներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավորները ողջ թափով պատրաստվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ վարչական ռեսուրսի, ոստիկանության և ուժայինների, իրենց հետ սերտ կապված օլիգարխների միջոցով փորձելով կեղծիքներով վերարտադրվել։ Զուգահեռ մեդիահարձակումներ են իրականացնում քաղաքական հակառակորդների դեմ, իսկ Փաշինյանի կողմնակիցները ֆեյքերով կամ սեփական դեմքով վիրավորանքներ են տարածում ընդդիմախոսների հասցեին։ Երկիրը պատերազմի և տնտեսական կոլապսի հասցրած իշխանությունը հրաշալի հասկանում է, որ այրել է հետդարձի բոլոր կամուրջները, ցանկացած նոր իշխանություն օրենքի տառին և ոգուն համապատասխան պատժելու է ազգադավների կառավարությանը։

Մյուս կողմից, «իմքայլականները» խիստ մտահոգ են իրենց կտրուկ նվազող վարկանիշով, գիտակցում են, թե ինչ խնդիրների են բախվելու ընտրություններից հետո։ Մամուլում ամեն օր տեղեկություններ տարածվում, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը վաճառում վերջին երեք տարում կուտակած ունեցվածքը։ Իսկ դա միայն մեկ բան կարող է նշանակել․ երկրին պարտություն ու աղետ բերած իշխանութունը վաճառում է ունեցածը․ այսինքն պատրաստվում է իշխանությունը հանձնելուն և միգուցե՝ արտագաղթելուն կամ ուղղակի ճողոպրելուն։

Բնականաբար, իշխանություններն իրենց մոլորյալ կողմնակիցներին չեն պատմի այս կամ այն գործարքների մանրամասները՝ ընտրություններից առաջ նրանց խուճապի չմատնելու համար, բայց իրենք էլ այնքան հիմար չեն, որ չհասկանան ապահովագրվելու անհրաժեշտությունը։ Եթե ամեն ինչ գնա ոչ իրենց նախանշածով, ապա գործող իշխանությունների մի փոքր մասը կճողոպրի երկրից և որևէ տաքուկ անկյունից կծաղրի այն մարդկանց, որ իրենց համար «կոկորդ» էին պատռում, իսկ պարտությունից հետո մնալու են կոտրած տաշտակի առաջ։

Ամեն դեպքում, հարկ է գիտակցել, որ նույնիսկ Փաշինյանին ընտրողները մեր համաքաղաքացիներն են, և ընտրություններից հետո բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության սահմաններում։