Ապագա խորհրդարանը չի կարող լինել առանց ազգային ուժի

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին տասնյակ, եթե ոչ ավելի քաղաքական կուսակցություններ են մասնակցում, թե՛ առանձին, թե՛ տարբեր դաշինքների կազմում։ Ընդհանրապես, հայաստանյան կուսակցությունների ներկապնակը չափազանց խայտաբղետ է, գրեթե հարյուրին մոտ կուսակցություններ են գրանցված՝ տարբեր գաղափարական և անգաղափար ուղղվածության, տարատեսակ անուններով, գեղեցիկ փաթեթավորմամբ, և եզակիներից մեկը «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է, որ ուրույն դեմք ունի, ներկայանում է զուտ որպես ազգայնական քաղաքական ուժ։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կարծում ենք, որ այդ կուսակցությունը պետք է մասնակցի առանձին, սեփական ընտրացուցակով։ Ցավալի կլինի, որ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան»-ն ու կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը չմասնակցեն։ Հաշվի առնելով իշխանափոխությունից հետո «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության» և Խաչիկ Ասրյանի սկզբունքային և անհաշտ դիրքորոշումները՝ նրանց գաղափարական ուղղվածությունը, արցախյան պատերազմում կուսակցության ակտիվ մասնակցությունը, անհրաժեշտ է փաստել, որ հայաստանյան քաղաքական ներկապնակը ունի այդ գույնի կարիքը։

Բազմաթիվ ընտրողներ, հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո հասկացել են ազգային արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, և սխալ կլինի այդ ընտրողներին թողնել առանց ընտրության հնարավորության։ «Հայոց արծիվներ, Միասնական Հայաստան» կուսակցությունը վերջին շրջանում ակտիվորեն քննարկումներ էր վարում գաղափարապես մոտ ուժերի հետ՝ համախմբվելու և մեկ միասնական դաշինքով մասնակցելության շուրջ։ Կարծում ենք, որ դաշինքով մասնակցելու դեպքում կուսակցությունը կտարրալուծվի, մինչդեռ անհրաժեշտ է մասնակցել և սեփական տեսլականը ներկայացնել հանրությանը։ Իսկական մարտիկի պես «Հայոց արծիվներ․ Միասնական Հայաստան»-ի առաջնորդը գնում է մինչև վերջ և պայքարում խորհրդարանում ազգային ուժերի ներկայացվածության համար։ Ի վերջո, պետք է հիշել, որ երբ շատերը լռում էին 2018-ից հետո, չէին ցանկանում սրել հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, Խաչիկ Ասրյանն առաջինն էր, որ հրապարակ դուրս եկավ՝ Նիկոլին հեռացնելու պահանջով, չընկրկեց «հեղափոխական» բեսպրեդելի դեմ։

Լևոն Կարապետյան